ՀՀ ՄԻՊ-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում
ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ ապրիլի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ Պաշտպան Գրիգորյանի գլխավորությամբ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կազմակերպած համատեղ այցի շրջանակներում Սյունիք է մեկնել:
Այցին մասնակցել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթերս Յահիան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն։
Այցը մեկնարկել է համատեղ պատվիրակության՝ Կապանի Կանանց ռեսուրս կենտրոն ու կենտրոնի սոցիալական ձեռնարկություն այցով, որտեղ հանդիպել են Կապանի, Մեղրիի «ՎԻՆՆԵԹ Հայաստան» կանանց ռեսուրս կենտրոնների ցանցի ներկայացուցիչներին և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի՝ Արցախից տեղահանված շահառուներին։
Այնուհետև Կապանի Կանանց ռեսուրս կենտրոնը ցուցադրել է սոցիալական ձեռնարկության իր արտադրանքը՝ սպորտային կանացի արտահագուստ և հագուստ։
Վաղը այցը շարունակվելու է Կապանի ՄԻՊ գրասենյակում ՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, այնուհետև՝ Գորիսում: