Ֆինլանդիան պատրաստ է հրաժարվել ռուսական բնական գազից և նավթից
Ֆինլանդիան պատրաստ է հրաժարվել ռուսական բնական գազից և նավթից ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում, հայտարարել է վարչապետ Սաննա Մարինը, հաղորդում է Yle.fi-ն։
«Դա պետք է արագ արվի: Սակայն, հավանաբար, շատ այլ երկրներ չեն կարող այդքան արագ հրաժարվել ռուսական վառելիքից, ինչպես Ֆինլանդիան։ Ուստի հիմա պետք է համաեվրոպական լուծումներ փնտրել»,- ասաց Մարին։
ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ Մարին բացատրեց, որ հաջորդ շաբաթ կառավարությունը պետք է զեկույց ներկայացնի խորհրդարան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման հետևանքների և Ֆինլանդիայի՝ իր անվտանգությունն ամրապնդելու կարողության մասին։ Երբ կոնսենսուս ձեռք բերվի անվտանգության քաղաքականության ընտրության հարցում, կառավարությունը, նախագահի հետ միասին, կարող է հաղորդագրություն կամ այլ զեկույց ներկայացնել խորհրդարան ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավոր հայտի վերաբերյալ: