Մենք շարունակում ենք հավատալ, որ ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի ապահովել և երաշխավորել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը. Արարատ Միրզոյան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում, անդրադառնալով հարցերին, թե ե՞րբ կարելի է ակնկալել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության գործունեության ակտիվացում և ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում ռուսական կողմից ադրբեջանական ստորաբաժանումներին Փառուխ գյուղից և հարակից տարածքից իրենց ելման դիրքեր վերադարձնելու, հետագայում նման միջադեպեր բացառելու համար, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել է՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը ի վիճակի է վերականգնել ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ իրավիճակը:
«Ինչպես նշեցի, խաղաղապահ ուժերը տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստատուս քվոն և Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Կրկնում եմ՝ մենք շարունակում ենք հավատալ, որ ստատուս քվոն կվերականգնվի, և ռուսական խաղաղապահ զորախումբը կշարունակի կատարել իր կարևորագույն գործառույթը, կարևորագույն առաքելությունը՝ ապահովելու և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ապա, իհարկե, աշխարհում ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը զգալիորեն բարդացրել է համանախագահության աշխատանքը: Այնուամենայնիվ, ինձ որոշակի այլ լուրեր են հասնում՝ հաշվի առնելով այն շատ կոնկրետ ազդանշաններն ու տեղեկությունները, որոնք ես ստացել եմ համանախագահներից և բազմաթիվ այլ երկրներից, ես կցանկանայի հաստատել, որ չնայած ադրբեջանցի գործընկերները կրկնում են, որ Մինսկի խմբի նախագահությունը դադարել է գոյություն ունենալ, որ նրանք զբաղվելու հարց չունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն այլևս չկա, Լեռնային Ղարաբաղ անվանմամբ տարածաշրջան այլեւս գոյություն չունի, չնայած այս ամենին, միջազգային հանրությունը շարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության մանդատի շրջանակներում, ինչը պետք է նշեմ, որ շատ հուսադրող է»,- ասել է Միրզոյանը: