Արամ Վարդևանյանը՝ հանրային սննդի օբյեկտներում ծխախոտի օգտագործման արգելքի մասին
Ի՞նչն էր պատճառը, որ որոշեցին բացօթյա տարածքներում արգելել ծխել։ Վերջերս պարոն Հակոբյանի նախաձեռնությամբ մենք ունեցանք քննարկում օրենքի նախագծի շրջանակներում, որում կրկին բարձրաձայնեցինք արգելքի հետ կապված հարցը։ Պատասխանը, որը հնչեց ՀՀ կառավարության ներկայացուցչի կողմից հետևյալն էր, որ բացօթյա տարածք սահմանելը մի քիչ դժվարություն է առաջացնում։ Թե որն է լինելու, թե ինչպես է կադաստրային իմաստով դիտարկվելու կամ այլ իմաստով է դիտարկվելու, դրա համար որոշեցինք արգելել։ Այսինքն՝ եթե մի բանը բարդ է, եկեք դա չանենք, հեշտ ճանապարհը վերցնենք։ Էլի գալիս ենք գիլիոտինային տրամաբանությանը։ Այս մասին ԱԺ-ում հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքի մասին քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ միջազգային փորձն էլ է գալիս հուշելու, որ նույն մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե՛ նարգիլեի, թե՛ սիգարների մասով, որը նույնպես տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով։ Սակայն, մյուս կողմից, այսպես ասենք, ազատ արտահայտվելու իրավունք կա։
«Բայց մենք նաև չենք կարող, մի օրինակ էլ բերեմ, որ 20-րդ դարի մոդելին գնանք, որն ԱՄՆ-ում կար։ Բոլորը գիտեին, որ ալկոհոլը վնասակար է առողջությանը։ Դե ԱՄՆ-ում որոշեցին՝ լրիվ արգելեն։ Դա բերեց նրան, որ մարդիկ սկսեցին ստեղծել, այսպես կոչված թաքուն սրճարաններ, ռեստորաններ, հանրային սննդի օբյեկտներ, որտեղ մարդիկ օգտագործում էին ալկոհոլ։ Հետո նոր, այդ նույն ռեֆորմի հեղինակները հասկացան, որ դրանով ստվեր է առաջանում, դրանով որևէ նպատակի չեն հասնում, վերադարձան նախկին կարգավորումներին։ Ես կարծում եմ, որ ներկայիս մարտահրավերների պայմաններում՝ սոցիալ-տնտեսական, մենք պետք է մտածենք՝ ինչպես անենք, որ հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու։ Որովհետև, ուղղակի մենք պետք է հաշվի առնենք, որ դա նաև բյուջետային մուտքների հիմնական բեռն ապահովող ոլորտներից է։ Եթե մենք հակառակ տրամաբանությամբ ենք գնում, ապա ուզում եմ հասկանալ, թե մենք դա ի հաշիվ ինչի ենք անում»,- ասաց Վարդևանյանը և կարևոր համարեց արդեն ներկայացվող առաջարկները։