Փոխվել է Աղվան Հովսեփյանի մեղադրանքը
Վերաքննիչ քրեական դատարանում, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Այս մասին գրում է NEWS.am-ը, որի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասել է՝ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 28-ին և որ Հովսեփյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, առաջադրված մեղադրանքն էլ փոխվել է։
«Խարդախության մեղադրանքը փոխվել է, դարձել է վատնման դրչություն, որն ապօրինի է։ Այն փաստարկներն ու հիմնավորումները, որոնք մենք պատրաստվում ենք ներկայացնել, մեղադրանքի կողմը պարզապես չի դիմանալու դրանց»,- նշել է նա։
Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչեւ 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչեւ 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք եւ խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։