Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները. Փաշինյան (Տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքներն ու այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ ու շփումներ: Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ կառավարության ապրիլի 7-ի նիստում։
Նրա խոսքով` սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացրած սկզբունքներն ու հարցերը պետք է ի մի բերվեն ու բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն: Փաշինյանը կրկնեց այն դիրքորոշումը, որ առաջ քաշված թեզերից Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։
«Հանդիպմանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգային միջավայրի վատթարացման, մասնավորապես, Փառուխի դեպքերի շուրջ, բայց այդ քննարկումները չեն հանգեցրել իրավիճակի միասնական գնահատականի: Պիտի ասեմ, որ կոնկրետ այս թեմայի հետագա քննարկումն ինքս պատեհ չհամարեցի բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է և այս հարցն ավելի շատ պիտի քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ, ինչը անում ենք ու կանենք»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ միջոցներ կձեռնարկվեն ադրբեջանական զինուժի դուրս բերման ուղղությամբ։
Նա նշեց, որ մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի համար կստեղծվի հանձնաժողով։