Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով, պետք է վերստին ուժ գտնենք ու պայքարենք․ Կարին Տոնոյան (տեսանյութ)
Պետք է իշխանություններին պարտադրել ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին կառավարության դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։
Նրա գնահատմամբ, սա առաջին քայլն է, որով հնարավորություն կընձեռվի ապագա սերունդներին պայքարելու Արցախի համար։
«Չի կարելի կոտրվել՝ ընդամենը մեկ պատերազմում պարտվելով, պետք է վերստին ուժ գտնենք ու պայքարենք Արցախի ազատագրման և ինքնուրույնության ճանաչման համար։ Առանց Արցախ չկա Հայաստանի անվտանգություն, սա պետք է հասկանա յուրաքանչյուր հայ։ Եթե այսօր մենք զիջում ենք Արցախը, վաղը զիջում ենք Սյունիքը, Երևանը։
Յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Արցախը հայի պատվի խնդիրն է։ Ուզում եմ հերքել այն թյուր կարծիքները, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ կսկսի: Միշտ վախենալո՞վ պետք է ապրենք, վախենալով պետք է թույլ տանք, որ Արցախը քայլ առ քայլ գրավի այն, ինչը մենք վախենում ենք կորցնե՞լ»,- ասաց Տոնոյանը։
Նա նաև նկատեց, որ անկախ նրանից, թե այս ինչ համաձայնության կգա և ինչ կստորագրի Նիկոլ Փաշինյանը Բրուսելում՝ ժողովուդն իր ակցիաներով ու ընդվզումներով պետք է ցույց տա, որ համաձայն չէ նրա որոշումների հետ։
«Մենք հիմա ցույց ենք տալիս, որ այս երկրում կա ժողովուրդ և անգամ մերժված վարչապետը պետք է հասկանա, թե մենք իրեն ինչ աջակցություն ենք ցույց տալիս, որպեսզի ինքը Բրյուսելում խեղճ ու կրակ չներկայանա»,- ասաց «5165» շարժման ղեկավար Կարին Տոնոյանը։