Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօրվա հանրահավաքին. Արմեն Աշոտյանն ասաց, թե որն է հանրահավաքի նպատակը (տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր՝ ապրիլի 5-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է ոչ միայն որպես կազմակերպիչ ուժերից մեկի՝ ՀՀԿ-ի նախագահ, ոչ միայն որպես Արցախի ու Հայաստանի անվտանգության համար հսկայական ամագ ունեցող մարդ, այլ մասնակցելու է նաև որպես Հայաստանի Հանրապետության մտահոգ քաղաքացի:
«Քաղաքացի, որը տանը նստել չի կարող, երբ տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկու հայկական միավորների շուրջ»,- ասաց Աշոտյանը:
Նա նաև նկատեց, որ հնարավոր է բոլորի մոտ լեգիտիմ հարց ծագել, թե ինչու մինչ այս պահը Սերժ Սարգսյանը չէր մասնակցում հանրահավաքներին և անմիջապես էլ պարզաբանեց, որ այժմ, քան երբևէ, պահն օրհասական է։
«Դե պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն կազմակերպում է պայքար գործող իշխանությունների դեմ և Արցախի համար, այլ նաև մասնակցում է այս հանրահավաքին: Վերջին անգամ նման օրհասական վիճակ եղել է երևի այն ժամանակ, երբ հանդիպել են երեք նախագահները, Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը»,- ասաց Աշոտյանը: