Եվրոպայի առաջնությունում մեդալների համար պայքարը կշարունակի ևս երկու հայ մարզիկ
Հայաստանի հունահռոեմական ոճի ըմբիշները շարունակում են հաջող ելույթներ ունենալ Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությանը:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը,հաղթահարելով նախնական փուլի արգելքները, մտել են կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակիչ փուլում Գևորգ Ղարիբյանը 3:2 հաշվով հաղթել է վրացի Պրիդոն Աբուլաձեին, իսկ Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ է տարել նորվեգացի Մորտեն Տորեսենի նկատմամբ՝ 9:0:
Գևորգ Ղարիբյանը կիսաեզրափակիչում կհանդիպի Բուլղարիան ներկայացնող մեր հայրենակցի՝ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդու՝ Էդմոդ Նազարյանի հետ: Սլավիկ Գալստյանի մրցակիցը հունգարացի Քրիստիան Վանկան է:
Իսկ պայքարը սկսած 82 կգ քաշային Կարապետ Չալյանը մեկնարկում զիջեց մոլդովացի ըմբիշին և դուրս մնաց չեմպիոնական պայքարից:
Այսօր մեդալների համար իրենց մրցամարտերը կանցկացնեն մեր առաջին երեք ըմբիշները՝ 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը և 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: