Ռուսաստանում ասում են, որ Աջարիան կարող է անջատվել Վրաստանից
«Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը»։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը։
Նա արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, թե երկիրը մասնակցում է Ռուսաստանի դեմ բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին՝ համոզմունք հայտնելով, որ դա արվել է «ի պատասխան Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի Դաշնության մաս դառնալու վերջին առաջարկների»։
«Ես չեմ բացառում, որ նման իրադարձությունների ֆոնին Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և սկսել Վրաստանից անջատվելու գործընթացը։ Հաշվի առնելով պատմական, կրոնական և աշխարհագրական հանգամանքները՝ հեշտ է հասկանալ, որ Թուրքիան հնարավորությունը բաց չի թողնի հյուսիսարևելյան Սևծովյան տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար»,- ասել է նա։
Կլիմովի խոսքով՝ վրացական իշխանությունների՝ հակառուսական պատժամիջոցներին միանալու որոշումը «կպատժի վրաց ժողովրդին»։