Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կշարունակվեն տեսակապով․ TACC
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակություններն ուրբաթ օրը կշարունակեն բանակցությունները տեսակոնֆերանսի միջոցով: Այս մասին գրում է TACC-ը՝ վկայակոչելով ռուսական աղբյուրը։
Գործակալության փոխանցմամբ՝ լրագրողի համապատասխան հարցին զրուցակիցը դրական է պատասխանել։
Նշենք, որ ռուսական և ուկրաինական կողմերի միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել անձամբ մարտի 29-ին Ստամբուլում։ Բանակցային գործընթացն անցել է մամուլի համար փակ դռների հետևում։ Ռուսական պատվիրակությունը ներկայացնում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Հանդիպումից հետո նա Ստամբուլում կայացած բանակցություններն արդյունավետ է անվանել։ Ռուսական կողմն այս փուլի արդյունքները գնահատել է որպես «դրական առաջընթաց»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին, ապա պատվիրակությունները հանդիպել են ևս երկու անգամ, որից հետո բանակցային գործընթացն անցել է տեսաֆորմատի։ Բացի այդ, Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը։