20-ամյա հղի կնոջ մահվան գործն արդեն ոստիկանությունում է
Արմավիրի մարզի Գայ գյուղի հղի կինը, ով մահացել է, հաշվառված է եղել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:
Այդ մասին newspress.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Սեյրան Մարկոսյանը: Նա նկատեց, որ դեպքի մանրամսներին չի տիրապետում, քանի որ ինքն էլ արդեն երեք օր է հիվանդ պառկած է, սակայն, որքանով իրեն է հայտնի, 20-ամյա Գրետա Տոնոյանը գրիպով հիվանդ է եղել և տեղափոխվել է հիվանդանոց:
«Էդ կինը հանրապետականում ա հաշվառված եղել, դրա համար էլ էդտեղ են տարել: Բայց թե ինչ ա ինչ չի, չեմ կարող ասել: Ես էլ եմ հիմա պառկած ու չգիտեմ տեղից վեկկենամ թե չէ»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ չգիտի, թե մահացած կնոջ հարազատները ինչ քայլեր կնախաձեռնեն:
Բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության ծառայությունից էլ newspress.am-ին հայտնեցին, որ Գրետան իրենց մոտ է տեղափոխվել սուր թոքաբորբ, շնչառական անբավարարվածություն ախտորոշմամբ և անմիջապես տեղափոխվել է վերակենդանացման բաժին:
«Դեկտեմբերի 31-ին վատ վիճակով բերել են ու տարել վերակենդանացման բաժին, որտեղ էլ հունվարի 2-ին կինը մահացել է: Ես ավելին ոչինիչ չեմ կարող ասել: Գործը արդեն ոստիկանությունում է»,- ասաց շտապ բուժօգնության ծառայության աշխատակցուհին:
Նա հայտնեց նաև, որ կինը 25 շաբաթական հղի էր: