Առուշանյանի նկատմամբ հետապնդումն ուներ մի նպատակ, որ նա չկարողանա ղեկավարել համայնքը. բոլորն էլ գիտեին, որ նա անմեղ է. Էրիկ Ալեքսանյան
Առուշ Առուշանյանի նկատմամբ իշխանությունների կողմից այս ողջ գործողությունները, հետապնդումն ունեին մի նպատակ, որպեսզի Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր հարազատ համայնքը։ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի շենքից դուրս գալուց հետո դատարանի հրապարակած վճռի մասին խոսելով՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Բոլորը գիտեն, որ Առուշ Առուշանյանն անմեղ է, շատ լավ գիտեն, որ Առուշանյանը երբեք իր սկզբունքներին դեմ չէր գնա։ Նա որևէ տեսակի հանցանք չէր կատարել և այսօր դատական նիստերի դահլիճում բոլորը դրանում համոզվեցին՝ այն ընտրական ապօրինությունները, որ նրան մեղսագրվել էին, ապօրինի էին»,-ասաց Ալեքսանյանը։