Պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր արտաքին. Առուշ Առուշանյանն իրեն քաղբանտարկյալ չի համարում (տեսանյութ)
Մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի պաշտպանության համար, արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու համար: Այս մասին, այսօր դատարանի շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Ես առհասարակ չեմ ընդունում, որ քաղբանտարկյալ եմ, իմ պայքարը քաղաքականության համար չէ։ Մենք պայքարել ենք, պայքարում ենք ու պայքարելու ենք մեր հայրենիքի պաշտպանության համար, արտաքին ու ներքին թշնամու կողմից օկուպացված տարածքներն ազատագրելու համար»,-ասաց նա։
Առուշ Առուշանյանը ընդգծեց, որ անկախ ամեն ինչից իրենց պայքարը շարունակվելու է։
«Ապրելու բարոյական իրավունքն էլ չենք ունենա, եթե մոռանանք մեր հողերի համար կյանք տված հայրենակիցներին։ Ոչ միայն պետք է հիշենք 44-օրյա պատերազմում ընկած մեր եղբայրներին, այլև հազարամյակաների ընթացքում մեր հողերի պահպանման համար կյանք տված մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։ Նրանք չէ՞ին ուզում ապրել, բայց հայրենիքը վեր է բոլորից։ Բայց պետք է նախ ներքին թշնամու խնդիրը լուծենք, նոր՝ արտաքին»,-ասաց նա։