ՌԴ ԱԳՆ-ն ևս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում կատարվողին․ կոչ է արվել կողմերին զսպվածություն ցուցաբերել և նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարումը
Ռուսաստանը ծայրահեղ անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ. Այս մասին շաբաթ օրը հայտնել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
«Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մարտի 26-ի տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու համար։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։
«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։