ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, այս 30 տարվա ընթացքում ոչինչ չի արել. Ադրբեջանի ԱԳՆ
«Ցավոք, Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերջին տարիներին ոչ մի արդյունավետ քայլ չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիան կասեցնելու համար, որը տևում է շուրջ 30 տարի»։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալի հայտարարությանը ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունում։
Նախարարությունը նշել է, որ Ադրբեջանը միջազգային իրավունքի հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը և ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը։
«Ներկայումս Լեռնային Ղարաբաղ հասկացություն չկա, բայց կան Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջաններ, որոնք Ադրբեջանի անբաժանելի մասն են։ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի կողմից հայկական կեղծ քարոզչության վրա հիմնված նման հայտարարությունն ինքնին անպատասխանատու պահվածք է»,- ասվում է հայտարարության մեջ։