Նոր մանրամասներ Ցոր զորամասի զոհված զինվորների գործի քննությունից․ պաշտպան (տեսանյութ)
«Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի զոհված զինծառայողների իրավահաջորդները հետամուտ են լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն»,- ասուլիսում ասաց «Ցոր» զորամասի զոհված հրետանավորների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ սույն քրեական գործով մաս է անջատվել և գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ իրականացվում է ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գևորգ Գևորգյանի վերաբերյալ դատաքննություն. «Նա 2020 թվականի հոկտեմբերի 12-ին, ուղղակի թողնելով զինծառայողներին մարտի դաշտում, երբ պարտավոր էր կազմակերպել ինչպես պաշտպանությունն, այնպես էլ նահանջ, փախել է։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց է ընտրված։ Վերաքննիչ բողոք է բերվել Գևրոգ Գևորգյանի պաշտպանի կողմից։ Այսօր տեղեկացա, որ նշված գործով դատական նիստ է նշանակված եղել, սակայն ցավալին այն է, որ տուժողի իրավահաջորդներից որևէ մեկը, ինչպես նաև ներկայացուցիչը՝ հանձինս ինձ, ծանուցված չենք եղել դատական նիստի մասին»։