Հեշտ է՝ բարձրացնել 5000 պաշտոնյայի աշխատավարձ, քան 550.000 հոգու թոշակ․ իրավապահների աշխատավարձն էլ բարձրացնում ենք հանուն շարքային քաղաքացու․ Փաշինյան
Մենք հասկանում ենք, որ պիտի սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է մեր բոլորի տված հարկերի հաշվին: յս մասին կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա շահարկում որակեց այն քննադատությունները, որոնք ուղղված են պետական մարմինների աշխատավարձերի բարձրացմանն ու զուգահեռ՝ ցածր կենսաթոշակներին։
«Այո, բայց պետք է հաշվի առնել երկու բան: Նախ՝ մի բան է բարձրացնել 500 հոգու, 5000 հոգու, նույնիսկ 20 000 հոգու աշխատավարձը, բոլորովին ուրիշ բան՝ բարձրացնել 550 000 հոգու թոշակը: Կամ 600 000 հոգու աշխատավարձը: Դրանք բացարձակ տարբեր բյուջետային ծախսեր են, ընդ որում, այդ ծախսերը մեկանգամյա չեն, դրանք պետք է ընդմիշտ իրականացվեն: Եվ մենք, իհարկե, ամեն հնարավորը անում ենք նախընտրական մեր խոստումները և, նախընտրականը նույնիսկ կապ չունի, կենսական անհրաժեշտ որոշումներն օր առաջ կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:
Մյուս կողմից էլ նա նշում է, որ իրավապահ, դատական համակարգում աշխատավարձեր բարձրացնում են առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու։
«Իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և հետո՝ այդ համակարգերի աշխատանքի որակից է կախված նաև երկրի տնտեսության, ընդհանրապես իրավունքի, օրենքի և օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պիտի իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս՝ ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են»: