Երասխում առաջարկել ենք՝ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք՝ իրենց տարածքից. Փաշինյան (տեսանյութ)
Իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս մասին, այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:
«Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը»,- ասաց Փաշինյանը:
Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ բացի ամբողջական հետքաշումից՝ Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով և սպասում է Ադրբեջանի արձագանքին:
Այս առումով նա մատնանշեց Երասխի հատվածում թշնամու առաջխաղացումը:
«Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել:
Նա նաև նշեց, որ այդպես էլ չի հասկանում՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ:
«Եթե ուզում է՝ մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում»,- հայտարարեց Փաշինյանը: