Գերմանիայի կանցլերը հայտարարել է ռուսական գազից և նավթից հրաժարվելու մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ Գերմանիան կհրաժարվի ռուսական նավթից և գազից ավելի արագ, քան ոմանք կարծում են, բայց դա հնարավոր չէ անել մեկ գիշերում։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Die Zeit թերթին։
Նրա խոսքով՝ էներգառեսուրսների մատակարարման կտրուկ դադարեցումը կարող է վտանգել ողջ Եվրոպան։
«Խոսքն այն մասին է, որ կախված հանգամանքներից՝ բնակարանները, հիվանդանոցները, ծերանոցներն ու դպրոցները չեն ջեռուցվելու, արդյունաբերական ձեռնարկությունները էներգիա չեն ստանա։ Հարյուր հազարավոր աշխատատեղեր վտանգված կլինեն»,- ասել է Շոլցը և հավելել, որայդ կապակցությամբ Գերմանիայի կառավարությունը չի ցանկանում դադարեցնել նավթի ու գազի ներկրումը։
Ավելի վաղ Die Welt-ը գրել էր, որ Գերմանիայի կողմից ռուսական գազից հնարավոր հրաժարումը կարող է հանգեցնել էներգակիրների շուկայում լուրջ փոփոխությունների, սննդի պակասի, հիվանդությունների ալիքի։