Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվարությամբ են ընթանում. Լավրով
Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները դժվարությամբ են ընթանում, Կիևը մշտապես փոխում է իր դիրքորոշումը, չորեքշաբթի հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Բանակցությունները սկսվել են, դրանք դժվարությամբ են ընթանում, քանի որ ուկրաինական կողմը, թեև կարծես թե ըմբռնումով է արտահայտվել այն բաների մասին, որոնք պետք է համաձայնեցվեն բանակցությունների ընթացքում, բայց անընդհատ փոխում է իր դիրքորոշումը՝ մերժելով սեփական առաջարկները»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ Արևմուտքն ակնկալում է Ռուսաստանին հնարավորինս երկար պահել ռազմական գործողությունների մեջ՝ միաժամանակ շարունակելով Ուկրաինային զենք մատակարարել։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը դեմ չէ Ուկրաինայի հետ բանակցություններում Արևմուտքի միջնորդությանը, սակայն Մոսկվան հստակ կարմիր գծեր ունի։
Լավրովը նաև ասել է, որ Ռուսաստանն ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են Մոսկվայի մտավախությունները Դոնբասը ուժով գրավելու Կիևի մոտալուտ փորձի վերաբերյալ։