Պենտագոնը միջուկային զենքի մասին Պեսկովի խոսքերը վտանգավոր է անվանել
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել, եթե «մեր երկրի գոյությանը վտանգ սպառնա, այն կարող է օգտագործվել հայեցակարգին համապատասխան»։
BBC-ն հայտնում է, որ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին միջուկային սպառնալիքի մասին Մոսկվայի հայտարարությունները վտանգավոր է անվանել։
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում, երբ հեռուստահաղորդավարը ՌԴ նախագահի խոսնակին հարցրեց, թե ինչ պայմաններում Վլադիմիր Պուտինը կօգտագործի իր միջուկային զինանոցը, Պեսկովը պատասխանել էր. «հայեցակարգով»։
Մեկնաբանելով այս խոսքերը՝ Ջոն Քիրբին ասել է. «Այսպես չպետք է գործի պատասխանատու միջուկային տերությունը»։
Միաժամանակ, Պենտագոնի ներկայացուցիչը հավելել է, որ գերատեսչությունը դեռ ոչինչ չի տեսնում, որը կստիպի իրենց փոխել ռազմավարական զսպման դիրքերը։