Թուրքիան չի հրաժարվի ռուսական S-400-ից
Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո, «Իզվեստիա»-ին ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության տնօրինության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։
Նրա խոսքով՝ Թուրքիան «ի վիճակի է ինքնուրույն որոշել իր քաղաքականությունը»։ «Սա մեզ համար քննարկման առարկա չէ։ Մենք նախկինում քննարկել ենք այդ հարցը, իսկ հիմա պարզապես շարունակում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Դրանից հրաժարվելը նույնիսկ չի քննարկվում»,- ասել է Դեմիրը:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկում է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 համակարգերն Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Գործակալության տվյալներով՝ այս թեման քննարկվել է մարտի սկզբին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանն Անկարա կատարած այցի ժամանակ։