ԱՄՆ–ն նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ
Ամերիկացի սենատորներից կազմված խումբը ֆինանսների նախարարության հետ աշխատում է 132 միլիարդ դոլարի ռուսական ոսկու պաշարները սառեցնելու ուղղությամբ, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ վկայակոչելով Axios-ը։
Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այս շաբաթ կհանդիպի չորս սենատորների հետ՝ քննարկելու օրինագիծը, որը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից ոսկու հետ գործարքներ իրականացնող անձանց նկատմամբ։
Նշվում է, որ քննարկվող օրինագիծը ենթադրում է երկրորդական պատժամիջոցների կիրառում ցանկացած ամերիկյան կազմակերպությունների նկատմամբ, որոնք գիտակցաբար գործարքներ են կատարում ոսկու հետ կամ տեղափոխում են այն Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից։ Նրանք նաև պատժամիջոցների կենթարկվեն, եթե Ռուսաստանում ոսկի վաճառեն ֆիզիկապես կամ էլեկտրոնային եղանակով։ Սենատորներից մեկի խոսքով՝ օրինագիծը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ։