Արցախը կորցնելու հետհաշվարկը սկսված է. Արցախն Ադրբեջանի կազմում, նշանակում է ցեղասպանություն` հապաղելու ժամանակ չունենք. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ թեև Արցախում հումանիտար ճգնաժամ էր, բայց թե' Հայաստանի իշխանությունը, թե' միջազգային հանրությունը թքած ուներ հումանիտար ճգնաժամի վրա:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանը կրկին սպառնում է:
«Երեկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը հայտարարել է՝ «Հայաստանը, ոնց որ, հետևություններ չի անում 44-օրյա պատերազմից»։ Խոսվում է խաղաղության պայմանագրի մասին, հիմա հարց՝ ի՞նչ խաղաղության պայմանագրի մասին կարող է խոսք լինել, փորձում են շրջանառության մեջ դնել ամենավտանգավոր թեզը՝ այս կամ այն կարգավիճակով Արցախն Ադրբեջանի կազմում։ Ինչ-որ «դիջեյներ», ինչ-որ թրքահպատակներ փորձում են տարատեսակ լղոզված ձևակերպումներով ասել՝ «դե, պիտի քննարկվի, պիտի նայենք»։ Արցախն Ադրբեջանի կազմում նշանակելու է ցեղասպանություն, նշանակելու է Արցախի ցեղասպանություն»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց. «Արցախը վերջնականապես կորցնելու հետհաշվարկը սկսված է: Մենք հապաղելու ժամանակ չունենք, կոնկրետ քայլեր են պետք»: