Վտանգը, որ Ադրբեջանն ապրիլ-մայիս ամիսներին կհարձակվի Հայաստանի վրա, 50%-ից ավելի է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
ԱԺ-ում, «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ, տեղի են ունենում խորհրդարանական լսումներ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ելույթի ժամանակ ասաց, որ Արամ Գասպարի Սարգսյանի հետ նախաձեռնել են ուղերձ, որով վերսկսում են Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։
Ըստ Բագրատյանի՝ ՀՀ օրվա իշխանությունն այս հարցը ոչնչացնում, էրոզիայի է ենթարկում։
«Ալիևը գոռգոռաց նրանց վրա, և նրանք ոչինչ չեն անում։ Պետք չէ էլյուզիաներ ունենալ, այս անգամ Ադրբեջանը գազամուղը վնասել է, հաջորդ անգամ մեկ այլ բան կանի ու կսպառնա հայությանը դուրս գա Արցախից»,- ասաց Բագրատյանը։
Նա անդրադարձավ նաև այն խոսակցություններին, թե իբր ինքը «իշմար» է տալիս ադրբեջանցիներին։
«Է'հ, Ադրբեջանը չի՞ տեսնում, չի՞ բացում կարդում, թե ինչ վիճակի է էսօր Հայաստանը, ինչ բյուջե ունի։ Դա կառավարության կայքում էլ է գրած` ինձնի՞ց պետք է իմանան»,- ասաց Բագրատյանը` հորդորելով սահմանն ուժեղացնել ու խրամատներ փորել։
Նա նաև հիշեցրեց, որ թուրքը չի սիրում թաց օրերին կռվել, բայց փորձը ցույց է տալիս, որ հարձակումն անխուսափելի է։
«Թող ես սխալվեմ, բայց զարգացումները հուշում են այն մասին, որ ապրիլ֊մայիս ամիսներին 50%-ով թշնամու հարձակման վտանգ կա»,- ասաց Բագրատյանը: