Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու համար. Չավուշօղլու
«Թուրքիան ակտիվ ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու համար։ Սկզբում անհրաժեշտ է ապահովել մարդասիրական զինադադար, իսկ հետո երկարաժամկետ զինադադար Ուկրաինայում»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Ռուսաստանի հետ երկրի բարեկամական հարաբերությունները Անկարայի համար խոչընդոտ չեն արդարության պահպանման ճանապարհին։
«Թուրքիայի և Ռուսաստանի միջև որոշակի տարիներ դժվար ժամանակներ են եղել Սիրիայում և Լիբիայում։ Ուկրաինայի հարցում մենք ակտիվ ջանքեր ենք գործադրել՝ կանխելու հակամարտության թեժ փուլի սկիզբը։ Եթե պատերազմի կրակը չմարվի, բոլոր կողմերը կտուժեն։ Այն, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պատերազմի ընթացքում շարունակում են երկխոսությունը Թուրքիայի հետ, Անկարայի սկզբունքային դիրքորոշման նկատմամբ վստահության ցուցանիշ է»,- ընդգծել է նա։