Պայթյուն-փլուզում՝ Երևանում. փլատակների տակ փրկարարները հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի;
Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Տունը, որտեղ որ տեղի է ունեցել պայթյուն-փլուզումը, գազաֆիկացված չի, երևի գազի բալոնից է առաջացել պայթյունը», և մատնացույց էին անում 3 կգ-անոց գազաբալոնը։