Ինչ-որ մեկը բանակին ասել ա` չկրակես, պռոստը, պարզապես դիտի. Բագրատյան
Արդեն տարի ու կես ոչ մի սահման կահավորված չէ, որևէ ձևով մենք չենք պատասխանում: Այս իշխանությունն ըստ էության մեզ չի կարողանում ապացուցել, որ ի վիճակի է որևէ պատասխան տալ՝ ռազմական առումով: Ես տեսնում եմ, որ իրենք հավատում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ քաղաքական պայմանավորվածությունները բավարար են Հայաստանի Հանրապետության սուվերեն, ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Այս մասին «Հայելի» ակումբում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և հավելեց, որ որևէ մեկը չի ասում՝ թուրքերի հետ խաղաղ չլինենք, եթե հնարավոր է:
«Մենք միշտ էլ ասել ենք, որ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի հետ՝ իբրև հարևաններ, հարաբերություններ պետք է լինեն: Մենք միշտ էլ կողմ ենք եղել հարաբերությունների, սակայն առանց նախապայմանների: Նախապայմաններ միշտ առաջադրել են թուրքերը, բայց դրա հիման վրա մենք բացել ենք օդային սահմանը Թուրքիայի հետ: Մենք բացել ենք առևտուրը Թուրքիայի հետ... ճիշտ է՝ Վրաստանով: Երկու անգամ էդ առևտուրն ավել է, քան Իրանի հետ: Ու ժողովրդին մատուցել, թե տեսեք առաջընթաց, բան... մենք առայժմ ոչինչ էլ չունենք: Եվ ուզում եմ նշել՝ ոչինչ էլ չենք ունենա: Կարող է Թուրքիայի հետ ունենանք, բայց Ադրբեջանն այս կողմից անընդհատ գրոհելու է: Ոչինչ էլ չենք ունենա, եթե այն զինվորը, որը կանգնած է ու պիտի դիմակայի, չի կարողանում դիմակայել: Իրեն չեն դրել այնպիսի տեխնիկական վիճակի մեջ»,- ասաց Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մենք պրոպագանդա չենք անում հեռուստատեսությամբ: Մենք չենք տեսնում, որ հայ կինը կրակի, տղամարդը կրակի: Մենք հեռուստատեսությամբ պետք է ինքնապաշտպանության դասեր տանք այդ հիմար սերիալների փոխարեն:
«Խա՞ղ եք անում: Ինչ-որ մեկը բանակին ասել ա չկրակես, պռոստը, պարզապես դիտի»,-ասաց Բագրատյանը և հավելեց, որ Հայաստանի այս իշխանությունը չի կարող արի և խիզախ ձևով կազմակերպել Հայաստանի պաշտպանությունը: