Գների բարձրանալու նոր միտում կա․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Արտաքին աշխարհում պարենամթերքի գներն աճում են, ու դա նորություն չէ, դրա մասին արդեն խոսում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նշեց, որ Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ։
«Դրա մասին մենք վաղուց խոսել ենք, բայց կառավարությունը ոչ մի ադեկվատ քայլ չի ձեռնարկել: Կարճաժամկետ կտրվածքով պետք է օգնեն, որ ներկրողներն այլընտրանքային շուկաներից ներկրումներ անեն, ինքը՝ կառավարությունն էլ պետք է ներկրումներ կատարի: Ասենք, Ղազախստանից, խոսքը հացահատիկի ներկրման մասին է: Իրենք պետք է հասկանան, որ այսօրվա սուբսիդիան վաղն ավելի մեծ խնդիրներ կլուծի»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Նա նկատեց, որ գների բարձրանալու նոր միտում կա, և խոսքը ոչ միայն խանութներում, այլև առաջին հերթին պարենի գլոբալ գների մասին է:
Արթուր Խաչատրյանն այս հարցում կարևորեց գյուղատնտեսության սուբսիդավորման հարցը, քանի որ ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը պետական դոտացիայի վրա է նստած: