Մահացել է հայ արձակագիր, լրագրող Կլարա Թերզյանը
Մահացել է հայ արձակագիր, լրագրող, Հայաստանի գրողների միության անդամ (1995), Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կլարա Թերզյանը։
Հայկական ռադիոյի նվիրյալ 93-ամյա Կլարա Թերզյանը տևական ժամանակ վատառողջ էր։
Երբ նա դեռ դպրոցական էր, երազում էր պարուհի և բալետմայստեր դառնալ, բայց ճակատագրի բերումով մասնագիտությամբ բանասեր-արևելագետը հայտնվում է ռադիոյում, գրական դրամատիկական հաղորդումների խմբագրությունում, որտեղ մեկ տարի էր ծրագրել աշխատել, հետո պետք է ասպիրանտուրայում շարունակեր ուսումը, բայց անցավ աշխատանքային 50 տարին։
2016-ին ռադիոտան առջև բացված Հեռուսստառադիոընկերության աշխատանքներում իրենց վաստակն ունեցող աստղերի ճեմուղու անվանացանկում իր պատվավոր տեղն ունի նաև Կլարա Թերզյանը։

Կենսագրություն
Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան լեզուների բաժինը։ Աշխատել է «Սովետական Հայաստան» ամսագրում և Հայաստանի ռադիոյի գրական-գեղարվեստական հաղորդումների խմբագրությունում։
«Բույլ մեծաց» գիրքը հայոց մեծերի հետ Թերզյանի հարցազրույցների և ակնարկների արդյունքն է։ Ստեղծագործել է մանուկների և մեծերի համար։ Պատմվածքների, վիպակների, ռադիոպիեսների, կինոսցենարների, արձակ բանաստեղծությունների հեղինակ է։
Նրա ստեղծագործությունները հաղորդվել են ռադիոյով, տպագրվել են հայաստանյան գրական մամուլում և արտերկրում՝ ԱՄՆ, Ուրուգվայ, Լիբանան, Ֆրանսիա, Սիրիա։
Հեղինակ է 19 գրքի, որոնցից են․
Տարիների շուրջպարը (ընտրանի), Երևան, 2011։
Ծիծաղի հատիկներ (մանկական), Երևան, 2007։
Փրկված մասունքներ (հրապարակախոսական և գեղարվեստական), Երևան, 2006։
Սևուկը։ (Պատմվածքներ ցածր եւ միջին դասարանների համար), 2004։
Ռադիոժպիտներ։ Զվարճալի մանրապատումներ, պատմվածքներ, 2004։
Երբ սերն ի աշխարհս եկավ (պատմվածքներ), Երևան, 2002։
Բույլ մեծաց (հրապարակախոսություն), Երևան, 2001։
NEWSPRESS․am-ը ցավակցում է Կլարա Թերզյանի հարազատներին։