Զելենսկին դիմել է ռուս զինվորականների մայրերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ավանդական գիշերային ուղերձում դիմել է ռուս զինվորների մայրերին՝ անցնելով ռուսերենի։ Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան։
Զելենսկու խոսքով՝ գերի են վերցվել ռուս նոր ժամկետային զինծառայողները, այդ թվում՝ նրանք, ովքեր հրաժարվում են վերադառնալ Ռուսաստան։
«Բոլոր ռուսները, ովքեր հիմա կարող են ինձ լսել, խնդրում եմ խոսեք այդ մասին Ռուսաստանում: Յուրաքանչյուր մայր, ով գիտի, որ իր որդուն պատերազմի են ուղարկել Ուկրաինայի դեմ, պետք է ստուգի, թե որտեղ է որդին։ Հատկապես նրանք, ովքեր չեն կարողանում կապ հաստատել իրենց երեխաների հետ։ Ո՞ւմ են ասել, որ իրենց երեխաները մահացել են և չեն վերադարձրել դիերը»,- դիմել է ուկրաինական պետության ղեկավարը ռուս զինվորների մայրերին։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ համացանցում կան հեռախոսահամարներ, որոնցով զինվորների մայրերը կարող են կապ հաստատել և իմանալ, թե իրականում ինչ է կատարվում իրենց երեխաների հետ։