Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում մենք չկռվեցինք քաղաքացիական անձանց դեմ, չռմբակոծեցինք շենքերը, չարագործություններ չգործեցինք. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2020 թվականի աշնանը Հայաստանի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը պահպանել է ռազմական գործողություններ իրականացնելու բոլոր կանոնները և չի պայքարել խաղաղ բնակչության դեմ։
«Մենք արժանապատվորեն պատերազմ մղեցինք, պահպանեցինք պատերազմի բոլոր կանոնները, չկռվեցինք քաղաքացիական անձանց դեմ, չռմբակոծեցինք շենքերը, չարագործություններ չգործեցինք, չնայած այն բանին, որ մեր ժողովրդի սրտում միշտ ապրել է վրեժխնդրության ծարավը։ Ի վերջո, հայերը ցեղասպանություն են իրականացրել մեր ժողովրդի նկատմամբ, էթնիկ զտումների քաղաքականություն են վարել մեր նկատմամբ, ուստի վրեժխնդրության զգացման առկայությունն արդարացված է»,- ասել է Իլհամ Ալիևն ըմբշամարտի հավաքականի անդամների հետ հանդիպմանը։
Ալիևը նշել է, որ այս պատերազմի ընթացքում հայ խաղաղ բնակչության շրջանում եղել է 30-ից պակաս զոհ։ «Եվ դա այն պատճառով, որ այդ խաղաղ բնակիչները մասնակցել են մարտերին»։