Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ
Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Այս մասին ռուս դիվանագետը հայտնել է հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, կողմերը մտքեր են փոխանակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և «3 + 3» տարածաշրջանային համագործակցության հարթակի զարգացման շուրջ։
«Մենք նշեցինք, որ այս ոլորտում ընդհանուր հարեւանության հետկոնֆլիկտային փոխգործակցության հիմքերը դրվել են 3 + 3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի մեխանիզմով»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ ռուսական կողմը ողջունում է Վրաստանին որպես տարածաշրջանային հարթակի մաս. «Մենք բազմիցս ընդգծել ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել մեր վրացի գործընկերներին այս կառույցի հանդիպումներին»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նույնպես ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքը։ «Մեր կողմից մենք պատրաստ կլինենք համատեղ աշխատանքի, որը թույլ կտա խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների միջեւ»,- հավելել է դիվանագետը։