Այս վերաբերմունքը չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում՝ բիզնեսին անընդհատ դեմ ու տնտեսվարողի մասին վատ արտահայտվել․ Ստամբուլյանը՝ Աղազարյանին (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը վատ է տրամադրված Էկոնոմիայի նախարարության ներկայացրած նախագծի նկատմամբ, ըստ որի՝ մինչև 1 մլն դրամ արժեքով ապրանքների արտահանման ժամանակ մաքսավճար չի նախատեսվի։ Այս մասին պատգամավորն ասաց Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում։
Նա մտավախություն ունի, որ շատերը կարող են օգտվել առիթից, ու բիզնեսի անվան տակ՝ իրենց բարեկամների համար 1 մլն-ի ապրանք տեղափոխել։
Արձագանքելով նրան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը նկատեց, որ վերջինս վատ է տրամադրված բիզնեսի նկատմամբ և չի հասկանում, թե ինչու Աղազարյանը չի ուզում օգնեն գործարարներին։
«Այս վերաբերմունքը չեմ կարողանում հասկանալ, ի՞նչ է նշանակում՝ բիզնեսին անընդհատ դեմ արտահայտվել, տնտեսվարողի մասին վատ արտահայտվել»,- ասաց նա։
Ստամբուլյանը ողջունեց նախագիծը և նշեց, որ թեև մտահոգություն ուներ, որ պետբյուջեի վրա դա կարող է բացասական ազդեցություն ունենալ։
«Քննարկման արդյունքում պարզ է դառնում, որ կարող է քանակ ավելանալ, և շահութահարկի տեսքով մենք ունենք ավելի մուտքեր բյուջե։ Պարո՛ն Աղազարյան, բիզնեսի հանդեպ Ձեր այդ վերաբերմունքը ուզում եմ վերացնեք, որովհետև մենք պետք է բիզնեսը գնահատենք, ամեն ինչ անենք, խթանենք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։