Կրեմլը հրաժարվել է կանխատեսել Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրման ժամկետները
Կրեմլը նախընտրում է չշտապել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետների վերաբերյալ կանխատեսումներով։
«Ինտերֆաքս»-ը հայտնում է, որ լրագրողները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքերը, ով ասել է, որ Ռուսաստանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել ամենաուշը մինչև մայիս:
«Այս դեպքում սրանք նրա կանխատեսումներն են, մենք չէինք ցանկանա շտապել կանխատեսումների մեջ»,- պատասխանել է Պեսկովը՝ հիշեցնելով, որ այժմ երկու երկրների պատվիրակություններն աշխատում են տեսակոնֆերանսի միջոցով։
«Աշխատանքը բարդ է, և հավանաբար, այս դեպքում այդ աշխատանքը շարունակելու փաստն ինքնին դրական է, մենք դեռ չենք ուզում կանխատեսումներ անել, կսպասենք, մինչև լինեն արդյունքներ, որ երկու երկրների հասարակությունը կարողանա տեղեկացված լինել»,- ասել է Պեսկովը։