Նկատողություն ստացա՞վ այն անձը, պատկերացնո՞ւմ են՝ 1 մլդ դրամն ինչ է. տուն ուղարկեք այդ կադրերին. Հրաչյա Սարգսյան (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանում Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման ուղղությամբ իրականացված աշխատանքի ընթացքի մասին զեկուցման ժամանակ նշվեց, որ ժամկետի երկարացում է տեղի ունեցել, բացումը տեղի կունենա ապրիլի 8-ին։
«Նկատողություն ստացա՞վ այն անձը, ով տեխբնութագիրը սխալ էր լրացրել»,- հարցրեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նշվեց, որ քաղաքապետի հանձնարարականի համաձայն՝ ստացել է։
«Իմ հանձնարակականով չպետք է լինի, ձեր հանձնարարականով պետք է լինի։ Ի՞նչ է նշանակում 1 միլիարդ դրամի գնումների դեպքում տեխպայմանագրում սխալ է լինում։ Նշանակում է՝ 40 օր պետք է երկարի գործընթացը։ Դա խոսում է նրա մասին, որ մենք վատ ենք աշխատում կամ չունենք համապատասխան կադրեր։ Չունենք, ուրեմն ուղարկեք տուն այդ կադրերին։
Ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները սոցիալական աջակցությամբ չեն զբաղվում, մեզ պետք են աշխատող մարդիկ, որ աշխատեն։ Իրենք, երբ ստորագրում են դրա տակ, պատկերացնո՞ւմ են 1 մլրդ դրամն ինչ է»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։