Հո չեմ նստելու սպասեմ` մինչև բարեհաճեն. արդեն 3-րդ ամիսն ա. Երևանի քաղաքապետ (տեսանյութ)
Հետիոտնային կանչի լուսացույցների ձեռքբերման և տեղադրման մրցույթի նախագծա-նախահաշվային փաթեթը խնդիրներով է ներկայացվել. դեռ լիարժեք չեն ներկայացրել, երբ ներկայացնեն, նոր հնարավոր կլինի դնել մրցույթի. խոստացել են այս շաբաթ ուղարկել: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին Երևանի քաղաքապետարանում նշեց տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին դուր չեկավ այս պատասխանը.
«Արդեն հասել եք մարտը էլի, այս խնդրի մասին դուք ինձ բարձրաձայնել եք դեկտեմբերին: Ես դեռ հունվարին եմ ձեզ ձևը ասել, թե ոնց պետք է լինի, էլի: Խոստանալով չի` մենք տեխբնութագրով գրել էինք, որ առանձնացված պետք է տային էլի, Ձեր նախկին վարչության պետը հանձնում-ընդունումը արել է միասնական, դե ուրեմն գրություն գրեք, թող գա, պատասխան տա, թե ինչու է տեխբնութագրին չհամապատասխան հայտ ընդունել: Հո չեմ նստելու սպասեմ, բարեհաճեն, տենամ՝ իրենք երբ են առանձնացված տալու, որ մեզ մոտ մրցույթ դնենք, Էլի: Հաջորդ շաբաթ զեկուցել արդյունքների մասին, որ հասկանանք, թե ինչ ճանապարհով ենք առաջ շարժվում, արդեն երրորդ ամիսն է»,- ասաց նա: