Ալվարդ Պետրոսյանը սովորեցրել է իմաստություն, հայրենիք, նվիրում․ Լիլիթ Գալստյան
Ալվարդ Պետրոսյանը սովորեցրել է իմաստություն, հայրենիք, նվիրում, մտավորականի խիզախում, չընկրկել և խիղճ: Այս մասին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը` Սբ․ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ պատվո շքանշանակիր, ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա ասաց, որ Ալվարդ Պետրոսյանին ճանաչում է Զարթոնքի տարիներից։
«Անկախության հրապարակում մի սրճարան կար․ այնտեղ միշտ մեր «խիղճն» էր հավաքվում՝ մտավորականներ, և Ալվարդի շուրջը այդ զրույցները ծավալվում էին։ Թեև մենք սերնդակից չէինք, բայց սենդակից էինք անկախություն, պետականություն ունենալու ցավով։ Ալվարդն ինձ նաև կուսակցական ընկերուհի էր և մենք նույն երազն ունեինք՝ անկախ, միացյալ Հայաստանի երազը։ Բայց այդ ճանապարհն անցնում էր Հայաստանի այսօրվա պետականության կերտումով։ Ու այս բոլոր 30 տարիներին Ալվարդը եղել է ոչ միայն իմ կուսակցական ընկերուհին, այլև իմ մտավորական ընկերը»,-ասաց նա։