Դատախազությունն ամեն գնով փորձում է դատավոր Բախշիյանին պահել կալանքի տակ. պաշտպան (տեսանյութ)
Այստեղ ակնհայտ երևում է դատախազության վերաբերմունքն այս գործի նկատմամբ։ Ինչպե՞ս կարելի է կոլեգիայի նիստն ավելի բարձր գնահատել, քան անձի ազատության իրավունքը և կալանքի նիստին չներկայանալ: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպաններից Արսեն Սարդարյանը` տեղեկացնելով, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց մինչև մարտի 14-ը դատախազի՝ դատական նիստին չներկայանալու պատճառով։
Նա նշեց, որ դատախազը միջնորդել էր հետաձգել դատական նիստն այն հիմնավորումներով, որ մասնակցում է դատախազության կոլեգիայի նիստին, երկրորդ՝ վերաքննիչ բողոքը չի ստացել։
«Այս վարքագիծը նույնպես ցույց է տալիս, որ դատախազությունը ամեն գնով փորձում է Բորիս Բախշիյանին պահել կալանքի տակ»,- ասաց պաշտպանը։
Հարցին՝ իր պաշտպանյալն արդյո՞ք ազդակներ ստացել է Սյունիքի համայնքապետերի գործերի դատաքննության ժամանակ, որ, օրինակ, այս գործով պետք է այսպես գործել, Սարդարյանն ասաց, որ նման տեղեկություն չունի։
«Բայց լրատվամիջոցներում առկա հոսքը, կարծում եմ, բավարար է, որպեսզի ողջամտորեն ենթադրես, որ, օրինակ, Աշոտ Երկաթի նման անձին ազատելը իշխող քաղաքական թիմի սրտով չի լինի։ Գտնում եմ՝ մեր դատախազներն այնքան են տարված իշխող քաղաքական թիմին ծառայություն մատուցելով, որ կարող է սա լինի դատախազության և ԲԴԽ կազմակերպած քայլը, որը նույնիսկ համաձայնեցված չէ ավելի վերևի հետ։
Շատ հնարավոր է։ Անմեղ, անկաշառ դատավորը, արդար աշխատող դատավորը հանկարծակի հայտնվում է ճաղերի հետևում, ուզեմ թե չուզեմ պետք է մտածեմ՝ ինչու նման բան տեղի ունեցավ»,- ասաց Սարդարյանը։
Նրա փոխանցմամբ, ունեն փաստեր, որ ակնհայտ ապօրինի հետապնդում է իրականացվում դատավոր Բախշիյանի նկատմամբ, այսինքն` Հայաստանում դատական իշխանության անկախություն այլևս գոյություն չունի, սահմանադրական այդ երաշխիքն այս գործով տապալեցին։