Ջո Բայդենը խոսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին
«Ռուբլին կորցրել է իր արժեքի կեսը. պատժամիջոցների շնորհիվ դոլարը ներկայումս արժե գրեթե 200 ռուբլի։ Մենք դադարեցրել ենք ռուսական նավթի ու գազի ամերիկյան ներմուծումը` թիրախավորելով ռուսական տնտեսության հիմնական զարկերակը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը և ողջ աշխարհի ժողովուրդը կշարունակեն աջակցել ուկրաինացի ժողովրդին և ռազմական գործողություններն անվանել է սպառնալիք ոչ միայն Եվրոպայի և Ուկրաինայի, այլև միջազգային խաղաղության և կայունության համար։
«Ամերիկայի ժողովուրդը և ամբողջ աշխարհը հավաքվել են՝ աջակցելու ուկրաինացի ժողովրդին: Միացյալ Նահանգները մինչ օրս մեկ միլիարդ դոլար է հատկացրել անվտանգության ապահովման համար, և այժմ «ռազմական տեխնիկայի նոր առաքումներ են ընթանում», - ասել է ամերիկացի առաջնորդը։