Բայդենն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահներ Ռեջեբ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը կառուցողական և երկարատև զրույց են ունեցել, երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Փսակին ասել է, որ նախագահները մտահոգություն են հայտնել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումների կապակցությամբ, վերահաստատել են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը և ողջունել են միջազգային հանրության համակարգված արձագանքը ճգնաժամին:
«Բայդենը գոհունակություն է հայտնել հակամարտության դիվանագիտական լուծմանն աջակցելու Թուրքիայի ջանքերից, ինչպես նաև տարածաշրջանի ղեկավարների հետ Թուրքիայի վերջին շփումներից խաղաղության և կայունության հարցերի շուրջ: Բացի այդ, երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները»,- ասված է Փսակիի հայտարարության մեջ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը «շատ գոհ է Թուրքիայի դերից և այն փաստից, որ նա այսօր դիվանագիտական բանակցություններ է վարում»։