Ռուսաստանի Դաշնության զորքերը նվազեցրել են հարձակման տեմպերը. Ուկրաինայի ԳՇ
Ուկրաինական բանակը պաշտպանական դիրքեր է պահպանում, Ռուսաստանի Դաշնության զորքերը նվազեցրել են հարձակման տեմպերը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ տեղեկատվության մեջ՝ տեղական ժամանակով ժամը 06:00-ի դրությամբ։
«Ուկրաինայի պաշտպանական ուժերը շարունակում են հետ պահել Ռուսաստանի զինված ուժերի հարձակումը Դոնեցկում, Սլոբոժանսկիում և Տաուրիդի օպերատիվ շրջաններում։ Նրանք պաշտպանում են ուկրաինական Խարկով և Ախտիրկա քաղաքները։ Հիմնական ջանքերն ուղղված են հակառակորդին կանխելուն շարժվել հարավ-արևելյան ուղղությամբ։ Մարիուպոլ քաղաքի պաշտպանությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ուկրաինական ուժերը շարունակում են փակել Բելառուսի Հանրապետության հետ պետական սահմանը։ Ուկրաինացի զինվորականները նաև պաշտպանում են Չեռնիգով քաղաքը։ Միջոցներ են ձեռնարկվում Կիևի ուղղությամբ ռուսական զորքերի առաջխաղացումը զսպելու համար, ասվում է զեկույցում։