Դանակահարություն՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
Այսօր՝ մարտի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում գործող ԱԺ նախկին պատգամավոր, գործարար «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Փարվանա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած վիճաբանությունից հետո:
Ոստիկանները պարզել են, որ դանակահարությունը կատարվել է Երևանի բնակիչ, 17-ամյա Վրեժ Դ.-ի կողմից, ով ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, իր հետ բերելով նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: