Դա պինգ-պոնգ չէ, այլ մարդկային կյանքերի մասին է խոսքը. Զելենսկին քննադատել է ԱՄՆ–ին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քննադատել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ Ուկրաինային լեհական ինքնաթիռների մատակարարումն արգելափակելու համար, հայտնում է UNN-ը։
Իր հերթական տեսաուղերձում ուկրաինական պետության ղեկավարը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին արագացնել այս հարցի լուծումը, քանի որ երկրում խաղաղ բնակիչներ են զոհվում։
«Մենք երախտապարտ ենք Լեհաստանին Ուկրաինային մարտական ինքնաթիռներ տրամադրելու պատրաստակամության համար։ Խնդիրը լոգիստիկայի մեջ է։ Պետք է անհապաղ անդրադառնալ դրան: Լեհաստանի կողմից կա պաշտոնական որոշում՝ ինքնաթիռները համապատասխան ամերիկյան բազա տեղափոխելու վերաբերյալ։ Մենք նաև գիտենք, որ կա պայմանավորվածություն ամերիկյան կողմի և Լեհաստանի միջև, բայց միևնույն ժամանակ լսում ենք, որ Լեհաստանի առաջարկներն իբր անհիմն են։ Եվ այդ մասին խոսում են Վաշինգտոնում։ Այսպիսով, ե՞րբ կլինի որոշումը: Տեսեք, մենք պատերազմի մեջ ենք, լրատվամիջոցների ու ազդանշանների ժամանակ չունենք, դա պինգ-պոնգ չէ, այլ մարդկային կյանքերի մասին է խոսքը: Արագ որոշեք, մեզ ինքնաթիռներ ուղարկեք»,- հորդորել է Զելենսկին։