«Մի օգտագործեք միջուկային զենք». Հիրոսիմայի նախկին քաղաքապետի կոչը
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի նախկին քաղաքապետ Տադատոշի Ակիբան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային կոչ է արել ջանքեր գործադրել միջուկային զենքի օգտագործումից հրաժարվելու համար։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Որպես Հիրոսիմայի նախկին քաղաքապետ՝ ես նախագահ Վլադիմիր Պուտինին և համաշխարհային առաջնորդներին կոչ եմ անում անհապաղ հայտարարել, որ ոչ մի երկիր միջուկային զենք չի օգտագործի այս հակամարտությունում»,-ասել է Ակիբան՝ նկատի ունենալով Ուկրաինայում ռուսական զորքերի շարունակվող հատուկ գործողությունը։
«Ես նաև կոչ եմ անում վարչապետ Կիսիդային այցելել Մոսկվա՝ հանդիպելու նախագահ Պուտինի հետ և մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին՝ փոխանցելու հիբակուշայի (Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունից փրկվածների տերմինը) ճիչը»,-ասել է նա և հայտնել, որ մեկնարկել է առցանց ստորագրահավաք, որը կոչվում է «Մի օգտագործեք միջուկային զենք»: