Կառավարությունը պատահաբա՞ր նայեց օրացույցին ու ասեց, եթե հիմա չանենք` բաններս բուրդ ա լինելու. պատգամավորը` ծխախոտի արգելման հարցի հրատապության մասին
ԱԺ֊ում քննարկվում է «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» հարցը:
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, որը ներկայացնում է նախագիծը, հայտարարեց, թե վերջին շրջանում Հայաստանում ի հայտ են եկել ծխախոտային նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, սակայն լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում։
«Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման ու կանխարգելման մասին օրենքով նախատեսված ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հասկացությունը՝ ներառելով նաև վերոնշյալ արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ ու վերահսկողության ընթացքում չստեղծվեն խոչընդոտներ», - նշեց Նանուշյանը` ներկայացնելով հարցի հրատապության անհրաժեշտությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, հաշվի առնելով փոխնախարարի պարզաբանումը` կապված հարցի հրատապության հետ, հարց տվեց վերջինիս, թե այդ դեպքում ինչո՞ւ նախորդ նիստին չէր առաջ քաշվել հարցը։
«Կառավարությունը պատահաբա՞ր նայեց օրացույցին ու ասեց, եթե հիմա չանենք` բաններս բուրդ ա լինելու»,-հարցրեց պատգամավորը։
Սակայն Նունուշյանը, ով զեկուցում էր հարցի հրատապության անհրաժեշտության մասին, նշեց, որ պատրաստ չէ արձագանքել այս հարցին։