Զելենսկին նշել է, որ արևմտյան երկրներն իրեն առաջարկել են լքել Ուկրաինան, սակայն ինքը հրաժարվել է դա անելուց
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «պատրաստ չէ վերջնագրերի»։ Նա համոզված է, որ «Վլադիմիր Պուտինը պետք է սկսի խոսել, սկսել երկխոսություն»։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ իր ռուս գործընկերը «ապրում է տեղեկատվական փուչիկի մեջ»։ «Կարծում եմ՝ նա այս փուչիկի մեջ է, և մենք չգիտենք, թե որքանով է իրատեսական այն տեղեկատվությունը, որ նա ստանում է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ պատրաստ չէ հանձնվել, քանի որ ինքն է ընտրված նախագահ։ Նա հաստատել է, որ արևմտյան երկրներն իրեն առաջարկել են լքել Ուկրաինան, սակայն ինքը հրաժարվել է դա անելուց։
Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև ՆԱՏՕ-ի մասին. «ՆԱՏՕ-ի հետ կապված՝ ես կորցրի հետաքրքրությունն այս հարցի նկատմամբ այն բանից հետո, երբ հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային։ Դաշինքը վախենում է հակասական բաներից և Ռուսաստանի Դաշնության հետ առճակատումից»։