Էրդողանը մարտի 6-ին կզրուցի Վլադիմիր Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կիրակի օրը՝ մարտի 6-ին, կզրուցի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, փոխանցում է Anadolu-ն։
«Պատերազմը պետք է անհապաղ դադարեցվի. կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Թուրքիան՝ ի դեմ նախագահ Էրդողանի, ակտիվ ջանքեր է գործադրում այս հարցում»,- ասել է նա։
Անկարայի ներկայացուցչի խոսքով՝ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ռուս գործընկերոջ հետ զրույցի ընթացքում կառաջարկի հանդիպում անցկացնել Թուրքիայում։
«Մենք պետք է հնարավորություն տանք զինադադարի, հումանիտար միջանցքների ձևավորմանը։ Եթե պատերազմը երկարաձգվի, ապա կործանարար հետևանքները կզգան ոչ միայն Ռուսաստանը կամ Ուկրաինան, այլև ողջ տարածաշրջանը»,- ընդգծել է Կալինը։