Երևանում զինված բախում է կանխվել. հայտնաբերվել է հրազեն (տեսանյութ)
Մարտի 3-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցում մարդիկ են հավաքվում, որոնք պետք է մասնակցեն վիճաբանության։ Ըստ տեղեկության՝ նրանք զինված էին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Քրեական ոստիկանության և Էրեբունու բաժնի ծառայողները, արագ իրացնելով օպերատիվ տվյալները, շտապել են Էրեբունու փողոցի ավտոնորոգման կետերից մեկը՝ զինված բախումը կանխելու։ Այստեղ հայտնաբերվել են մի խումբ անձինք։ Իրավապահներին նկատելով՝ նրանցից մեկը գոտկատեղից ատրճանակ հանել է ու նետել։
Հայտնաբերված անձինք, որոնք Երևանի, Չարենցավանի և Գառնիի բնակիչներ են, բերման են ենթարկվել։
Ոստիկանության Էրեբունու բաժնում անձնական խուզարկությամբ նրանց մոտից հայտնաբերվել են մոխրացած հետքերով կաթուցիչներ, կոլբաներ և դանակ։ Տարածքի զննությամբ հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։